Արցախ այցելած թուրքական պատվիրակության անդամների դեմ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել
Լեռնային Ղարաբաղ այցելած թուրքական պատվիրակության անդամների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել։
ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հայտնում է, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ուֆուք Արասի, Ալի Բայրամօղլուի, Սաիդ Չեքինօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի նկատմամբ ծանր հանցագործություններով քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՔՕ 318.2 հոդվածով, այն է՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում։
Ուֆուք Արասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն եւ Էրոլ Քաթըրջըօղլուն որպես կասկածյալներ ներգրավվել են նշված հոդվածներով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Պատվիրակության անդամների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Թուրքիայի իրավապահ մարմիններին այս անձանց ձերբակալելու մասին դիմում է ուղղվել։