Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում բացվել է նոր ցուցասրահ (լուսանկարներ)
Նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանի տուն-թանգարանում բացվել է նոր ցուցասրահ:
Նախկինում որպես արվեստանոց ծառայող տարածքն ամբողջությամբ վերանորոգվել է, ձևավորվել և ապահովվել ջեռուցման համակարգով: Ցուցասրահում ներկայացվել են շուրջ 50 աշխատանքներ, այդ թվում՝ ինչպես նկարչուհու նոր, այնպես էլ արդեն հայտնի տարբեր յուղաներկ աշխատանքներ: Այստեղ տեղ են գտել նաև Լուսիկ Ագուլեցու ամուսնու՝ քանդակագործ Յուրի Սամվելյանի որոշ աշխատանքներ:
Ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, արվեստագետներ և արվեստասերներ:
«Մայրաքաղաքի այս գողտրիկ, միաժամանակ շատ կարևոր անկյունն իր ուրույն դերն ունի Երևանի կյանքում՝ որպես հայ մշակույթը ներկայացնող ու սերունդներին հայեցի դաստիարակող կենտրոն: Վստահ եմ, որ առաջիկայում այն կդառնա նաև մայրաքաղաքի զբոսաշրջային այցեքարտերից մեկը, իսկ ցուցասրահի բացումը, անշուշտ, նոր շունչ կհաղորդի և նոր մտահղացումներ կձևավորի: Երևանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշտապես պատրաստ է աջակցելու հետաքրքիր գաղափարների կյանքի կոչմանը»,-նշել է Արամ Սուքիասյանը: