«Միսս Արմենիա» մրցույթի հաղթողի թագը վերադարձրել են․ ինչ են պարզաբանում ընկերությունից (լուսանկարներ)
Ինչպես հայտնի է «Միսս Արմենիա» մրցույթի հաղթողի համար թագ պատրաստած Artyom’s ընկերությունը, նեղսրտած այն հանգամանքից, որ իրենց անունը չի գովազդվել, գիշերը գնացել և հաղթողից հետ է վերցրել թագը։
Artyom’s ընկերությունը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ի պատասխան մեր ընկերության և «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի շուրջ ծավալված բազմաթիվ քննարկումների՝ ներկայացնում ենք Artyom’s ընկերության պատասխանը: Artyom’s ընկերությունը հանդես է եկել որպես մրցույթի հովանավոր, ինչն իրենից ենթադրում էր փոխշահավետ համագործակցություն մեր ընկերության և կազմակերպիչների միջև: Պայմանավորվածության մեր մասը լիարժեք կատարվել է, ոչ մի դժգոհություն կազմակերպիչների կողմից մեր հասցեին չի հնչել:
Հաղթողից թագը վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները՝ մրցույթից անմիջապես հետո կայացած բանակցությունների ժամանակ ընդհանուր հայտարարի գալուց հետո: Ընկերության դեմ իրականացվող ֆեյսբուքյան «ֆլեշմոբ»-ը արդյունք չի տալու, մենք ունենք մեր հստակ սկզբունքները, որոնց չենք դավաճանի ոչ մի ճնշման պարագայում: Ցանկացած հարցերի առկայության դեպքում կարող եք այցելել Խորենացի 24 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կընդունենք և առերես կպատասխանենք բոլոր հարցերին առանց բացառության: Իսկ ընկերության մասին ապատեղեկատվություն տարածելու կամ վիրավորանքներ հնչեցնելու պարագայում մենք ստիպված կլինենք դիմել համապատասխան քայլերի: Մենք միշտ բաց ենք աջակցելու տարատեսակ իրադարձություններին՝ լիարժեք կատարելով մեր ստանձնած պարտավորությունները, բայց երբեք թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները»: