Լապշինը պարզել է՝ որ երկրներն են Ադրբեջանին օգնել իր գործով քննության ընթացքում
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր «puerrtto.livejournal.com» բլոգում ներկայացրել է, թե որ երկրներն են Ադրբեջանին օգնություն տրամադրել իր գործով քննության ընթացքում:
Լապշինը նշում է, որ Ադրբեջանը դիմել է 8 երկրի՝ Բելառուսին, Ռուսաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Իսրայելին, Թուրքիային և Իրանին:
«Երկրների ցանկից իսկ արդեն կարելի է ապշել. ի՞նչ կապ ունի 2011 թվականին Ղարաբաղ այցելության հետ Մոլդովան կամ Իսրայելը»,- նշել է Լապշինը:
Ադրբեջանին ոչ մի տեղեկատվություն չեն տրամադրել Իսրայելը, Ռուսաստանը և Իրանը: Իսրայելը և Իրանն Ադրբեջանին անգամ չեն պատասխանել, իսկ Ռուսաստանը պատասխանել է, որ հարցումը պատշաճ կերպով չի ուղարկվել:
Մոլդովան և Թուրքիան տեղեկացրել են երկրից իր մուտքի և ելքի մասին: Երեք երկիր Ադրբեջանին տրամադրել է ամեն տեսակի տեղեկատվություն, անգամ այնպիսի տեղեկություններ, որոնք նրանցից չէին էլ խնդրել: «Բելառուսը տրամադրել է մուտքի և ելքի մասին տեղեկություններ, ինչպես նաև փաստաթղթեր Մինսկի մեկուսարանից:
«Ուկրաինան՝ քաղաքացիության ստացման մասին տեղեկություն, անձնական տվյալներ, մուտքեր և ելքեր, հարևանների արձագանքներ՝ նկատի ունենալով, որ ես երբեք չեմ ապրել Ուկրաինայում»,- գրել է Լապշինը:
Վրաստանը տեղեկություններ է տրամադրել հայ-վրացական սահմանի բոլոր հատումների, այդ թվում՝ նույն ժամանակահատվածում Հայաստանի սահմանը հատող և Լապշինին անծանոթ տասնյակ անձանց մասին տվյալներ, Բաթումում բնակարանի գնման մասին փաստաթղթեր, մուտքի և ելքի, Bank of Georgia-ում բանկային հաշվի մասին տեղեկություններ:
Լապշինի խոսքով՝ Ադրբեջանի հետ համագործակցության հարցում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են այն երկրները, որոնք Ադրբեջանից նավթ և վարկեր են ստանում: «Կարծում եմ նաև, որ Հայաստանի (և բոլոր մյուս երկրների) քաղաքացիները, ովքեր Վրաստանում անշարժ գույք են գնում, պետք է նկատի ունենան, որ ողջ տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ երկրի նույնիսկ առանց ձեր իմացության»,- հավելել է Լապշինը: