Վրացի հեղինակներն արհամարհել են իրենց պատմագիրներին, նրանք կեղծել են իրականությունը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը խոսեց «Վարձք» ամսագրի հերթական համարի և Վրաստանի կեղծարարությունների մասին:
Հուշարձանագետը հայտնեց, որ գրքում վրացիները կեղծարարություն են արել:
«Գրքում խոսվում է Հայաստանին սահմանակից պատմական Գուգարքի չորս շրջանների հայկական հուշարձանների մասին, որոնք ներկայացվում են որպես ներքին Քարթլիի շրջանին պատկանող եկեղեցիներ` այն դեպքում, երբ տվյալ հեղինակներից առաջ վրացի պատմագիրներն այդ տարածքն անվանել են Սոմխիթ, այսինքն' Հայաստան»,-մանրամասնեց բանախոսը:
Նա գտնում է, որ վրացի հեղինակներն արհամարհել են իրենց պատմագիրներին. «Նրանք միտումնավոր կեղծել են իրականությունը»:
Անդրադառնալով հայկական արձանագրություններին` վրացիները գրքում հայտնում են, որ դրանք ոչ մի կապ չունեն հայերի հետ: «Վրացիները գրքում նշում են, որ դրանք վրացիների կողմից արված արձանագրություններ են, ովքեր լինելով հայ միսիոներների քարոզների ազդեցության տակ հայերեն են սովորել և արձանագրություններ արել»,- հայտնեց բանախոսը:
Սամվել Կարապետյանը թյուրիմացություն է համարում նաև վրացիների այն պնդումը, որ Հայաստանում կան վրացական եկեղեցիներ. « Դա անհիմն է, Հայաստանում չկա վրացական որևէ եկեղեցի»,- ասաց նա:
«Վարձք» ամսագրի այս համարում խոսվում է Շուշիում հայկական եկեղեցիների հիմնադիր Սարգիս Իսրայելյանի մասին, և ներկայացվում է Սամվել Կարապետյանի «Վրաստանի մոնոֆիզիտ հուշարձանները» գրքի գրախոսությունն ու քննադատությունը:
Կարապետյանը զարմացած է, որ գրքի հեղինակը հայագետ Զազա Ալեքսիձեն է. « Նրան պատիվ չի բերում լինել մի գրքի խմբագիր, որտեղ բացահայտ կեղծարարություններ կան»:
Նա գտնում է, որ այս հարցը պետք է լուրջ քննարկվի , իսկ վրացիներին անհրաժեշտ է տալ արժանի պատասխան: