Հերթական ֆալշը Փոստանջյանից
Աշունն իր հետ բերեց բավականին ակտիվ քաղաքական գործընթացներ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարթակներում: Ուրախալի է, որ այդ գործընթացներին մասնակցում են ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ուժերը՝ փորձելով մնալ իրադարձությունների կենտրոնում:
Իհարկե գովելի է, որ քաղաքական ուժերը ակտիվություն են ցուցաբերում, հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով ու առաջարկներով: Թերևս ամենաակտիվ ուժերից մեկն էլ Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է: Օրերս Փոստանջյանն անգամ հայտարարել էր, որ Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ուղերձ է հրապարակելու, որից հետո անցնելու է կոնկրետ գործողությունների՝ ուղղված իշխանափոխություն իրականացնելուն: Ըստ Փոստանջյանի՝ նախաձեռնությունը միայն իշխանափոխություն անվանելը քիչ է, քանի որ նպատակը ոչ թե գործող պաշտոնյաներին այլ մարդկանցով փոխարինելն է, այլ համակարգի փոփոխությունը:
Առաջին հայացքից Փոստանջյանի նախաձեռնությունը կարելի է որակել նորմալ գործընթաց, որը կարող է լինել ցանկացած դեմոկրատական երկրի ներսում: Սակայն պարզվում է, որ Զարուհին պայքարում է ոչ միայն իշխանության, այլ նաև չի ուզում կոնտակտի մեջ մտնել ընդդիմության հետ՝ նշելով, որ ընդդիմադիր այլ ուժերի հետ չեն համագործակցի, քանի որ այդ դաշտում գործընկերներ չունեն:
Այս ամենից հետո մնում է Փոստանջյանին հարցնել, արդյո՞ք նա գիտի քանի հոգի հետևորդ ունի, կամ հարցրե՞լ է արդյոք ժողովրդի կարծիքը, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Թերևս անգամ Զարուհին է գիտակցում, որ այս նախաձեռնությունն արդեն իսկ տապալված է, քանի որ պարզ չէ, թե նա ինչ միջոցներով է պատրաստվում իրագործել իր ծրագրերը, որպեսզի հերթական անգամ կոտրած տաշտակի առաջ չկանգնի, ինչպես ժամանակին կանգնեցին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին:
Ընդդիմության հետ չհամագործակցելը պարծենալու առիթ չէ։ Եփած հավն էլ գիտի, որ Զարուհու ներկայիս ռեսուրսներով ոչ միայն իշխանափոխություն այլ նաև մի հասարակ միջոցառում իրականացնել հնարավոր չէ։ Սրան էլ եթե գումարենք հանրային ուշադրության պակասը, ապա պատկերն ավելին քան ողբալի կդառնա։ Հետևաբար ամեն անգամ, երբ Փոստանջյանը, գլուխը մեղմիկ օրորելով, խոսում է ընդդիմադիր դաշտի հետ չհամագործակցելու մասին ու ազգափրկիչ օրակարգ է առաջ քաշում, բացի ծիծաղի առարկա դառնալուց ուրիշ ոչ մի խնդիր դրանով չի լուծում։
Ատոմ Ադամյան.ֆեյսբուք: