Մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան դարձնենք սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջին լիագումար նիստում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Անկախության 26 տարիների ընթացքում մեր գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նվիրատվություններ և բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում: Ներդրումներ են արվել նաև մեր լուսավոր ապագայի մեջ՝ ի դեմս «Թումո», «Սմարթ կենտրոնների» և այլն:
Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան դարձնենք նաև սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը և ի վերջո՝ հայրենադարձությանը: Այդպիսի ոգևորիչ բազմաթիվ օրինակներ մենք արդեն ունենք այսօր:
Դրա համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները և ներդրումային միջավայրը: Սփյուռքահայ մեր քույրերի ու եղբայրների ներգրավումը թույլ կտա նաև հարստացնել ու զարգացնել մեր հայաստանյան գործարար մշակույթը, կբարձրացնի երկրի գրավչությունը արտաքին շուկաների համար, ընկալելիությունը աշխարհում, կբազմապատկի մեր հարստությունը: Կառավարությունը բոլոր բիզնես ծրագրերին, անկախ ներդրումային ծավալից, ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնառություն է ստանձնել:
Ոտքերի վրա ամուր կանգնած մեր հայրենիքը այսօր ուժ և կամք ունի վերջապես մշակելու Հայաստան-սփյուռք հարաբերությունների ռազմավարական զարգացման հայեցակարգը:
Այն դաշտը, որի վրա մենք պետք է կառուցենք հայրենիք-սփյուռք համագործակցությունը՝ ուժեղ և զարգացած Հայաստան, անկախ և անվտանգ Արցախ, սփյուռքի կազմակերպված համայնքներ ունենալու տեսլականն է՝ հայկականության ոգով, եռանդով և հային բնորոշ մտքի թռիչքով:
Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից: Մենք ճանաչում և արժևորում ենք սփյուռքն իր բազմաշերտ էության մեջ: Վերջին տարիներին տարբեր առիթներով ես հանդիպել եմ մեծ հաջողությունների հասած կամ դեռ այդ ճանապարհին գտնվող բազմաթիվ երիտասարդների, տեսնում եմ նրանց ավյունը իրենց հայրենիքին օգտակար լինելու հարցում: Մենք պետք է նոր ուղիներ գտնենք նրանց ներգրավվածությունը ապահովելու համար:
Մեր սփյուռքի գաղթօջախները բազմազան են և ոչ միատարր՝ կախված նրանից, թե երբ և ինչ պատճառներով են ձևավորվել: Միատարր չեն թե՛ իրենց պատմական փորձով, և թե՛ քաղաքական հայացքներով: Յուրօրինակ լինելով՝ ցանցերը միմյանց հետ պետք է շաղկապվեն և համագործակցեն թե՛ իրենց հյուրընկալ երկրներում հաջողության հասնելու, թե՛ մայր Հայաստանի ապագան կառուցելու նպատակով»: