Եթե Կարապետյանն իր թիմի հետ բեկումնային ձեռքբերումներ չգրանցի, նրա դրական իմիջը իսպառ կվերանա
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի ու նրա ձևավորած կառավարության պաշտոնավարման 1 տարին։ Եթե նշանակումից անմիջապես հաջորդող շրջանում մեր բարետես վարչապետի ու նոր կառավարության ընկալում կարելի էր բնութագրել Դիքենսյան «Մեծ սպասումներ» բառակապակցությամբ, ապա հիմա դժվար է ասել, թե ինչի հետ գործ ունենք։
Այնպես չէ, որ կարելի է ասել, որ կառավարությունն ամբողջովին ձախողել է, իսկ վարչապետին հիմնականում ատում են ազգաբնակչության շրջանում, ինչպես Կարապետյանի շատ ու շատ նախորդողների դեպքում էր, բայց չի էլ կարելի ասել, որ Սինգապուր դառնալու որևէ աղոտ հեռնկարներ են նշմարվում։ Կարծում եմ՝ երկուսի դեպքում էլ հիմքում նույն պատճառն է ընկած՝ իրոք հսկայական սպասումները։
Մի կողմից, վարչապետին չեն ատում, որովհետև նրա նկատմամբ սիմպատիան ու հանրային համակրանքն այնքան մեծ էր, որ մարդիկ առնվազն վատ բան չէին սպասում։ Մյուս կողմից էլ, այդ սպասումները այնպիսի բարձր նշաձող սահմանեցին, որը Կարապետյանը չփորձեց էլ վիճարկել, որ հիմա, անգամ կառավարության լավատեսական, իսկ որոշ չար լեզուների պնդմամբ՝ կեղծված ու մտացածին տնտեսական ցուցանիշներն ու հաշվետվությունը չեն գոհացնում լսարանին։
Սակայն այս տենդենցը հավերժ չէ ու եթե Կարապետյանն իր թիմի հետ իրար չգան և իրոք բեկումնային ձեռքբերումներ չգրանցեն, արդեն առաջիկա ամիսներին նրա կրեդոն ու դրական իմիջը ի սպառ կվերանան, ինչը գործնականում 0-ի կհավասարեցնի 2018-ից հետո է վարչապետությունը պահպանելու Կարապետյանի հեռակարները։
Գրիգոր Բարսեղյան. Ֆեյսբուք