Լարվածության նոր ալիք թուրք-ամերիկյան հարաբերություններում
«Ամերիկայի ձայն»-ը գրում է.ԱՄՆ-ում մեկնարկել է դատավարությունն այս տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ վերջինիս անվտանգության աշխատակիցների ու կողմնակիցների մի կողմից, և հակաէրդողանական ցուցարարների միջև գրանցված բախումների վերաբերյալ: Երկու ամերիկացի թուրքեր, ում նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, իրենց հայտարարեցին անմեղ ու պահանջեցին դատական նիստ երդվյալ ատենակալների մասնակցությամբ:
Գործի առնչությամբ մեղադրանքներ են ներկայացվել շուրջ 18 անձանց, որոնցից շատերը Թուրքիայի դեսպանության անվտանգության աշխատակիցներ են: Նրանց մեղադրում են դեսպանի նստավայրի մոտ մայիսի 16-ին խաղաղ ցույց իրականացնող ցուցարարների վրա հարձակվելու մեջ: Ամերիկայի Ձայնի թուրքական ծառայության տրամադրած տեսանյությում երևում է, թե ինչպես են Էրդողանի անվտանգության աշխատակիցներն ու կողմնակիցները հարձակում գործում մի խումբ ցուցարարների դեմ:
Թուրքական կողմը հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցները դիմել են ինքնապաշտպանության և որ ցուցարարները կապված են Քրդական աշխատավորական կուսակցության հետ, որը ճանաչվում է որպես ահաբեկչական կազմակերպություն ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից:
Միջադեպը գրանցվել էր Սպիտակ տանը նախագահ Թրամփի ու նախագահ Էրդողանի հանդիպումից մի փոքր անց, որը լարվածություն էր մտցրել թուրք-ամերիկյան առանց այն էլ հակասական հարաբերություններում: Վերջերս երկրների հարաբերություններում գրանցվեց լարվածության նոր ալիք՝ կապված ամերիկյան իշխանությունների առաջադրած մեղադրանքների հետ ընդդեմ նախագահ Էրդողանի մերձավորներից մեկի՝ նախկին էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանի: Վերջինիս թուրքական պետական բանկի նախկին նախագահի հետ միասին մեղադրում են ամերիկյան պատժամիջոցների օրենսդրության խախտման և անօրինական կերպով իրանյան հարյուր միլիոնավոր դոլարներ ամերիկյան բանկային համակարգի միջոցով տեղափոխման մեջ:
Նախագահ Էրդողանը կոչ է արել Միացյալ Նահանգներին վերանայել նախկին նախարարի դեմ մեղադրանքները, որոնք ըստ նրա, քայլեր են ընդդեմ Թուրքիայի:
«Դժվար է այս խնդրին իրավական գնահատական տալ: Ես մեր նախկին նախարարի դեմ այս քայլերը դիտարկում եմ որպես քայլեր ընդդեմ Թուրքական հանրապետության»,- ասել է նախագահ Էրդողանը Ստամբուլի օդանավակայանում Ղազախստան իր այցելությունից առաջ:
Էրդողանի կարծիքով այս գործողություններն ունեն քաղաքական բնույթ: Նա հույս է հայտնել, որ այս հարցը կքննարկվի Թուրքիայի ու ԱՄՆ-ի պաշտոնյաների միջև:
«Այս քայլերը ամբողջապես քաղաքական բնույթ ունեցող են: Հուսամ հնարավորություն կլինի քննարկելու այս հարցը: Միացյալ Նահանգները պետք է վերանայեն իրենց որոշումը: Այս ամենից լավ հոտ չի գալիս»,- նշել է Էրդողանը:
Այս միջադեպն առաջինն է իր բնույթով, երբ առաջադրվել են մեղադրանքներ Էրդողանի մերձավորներից մեկի նկատմամբ: Բացի իրանյան պատժամիջոցների վերաբերյալ մեղադրանքների Զաֆեր Չագլայանիին մեղադրում են նաև տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ և ոսկերչական իրերի տեսքով կաշառքներ ստանալու մեջ:
Այս մեղադրանքներն առաջ են քաշվել ազգությամբ իրանցի թուրք, ոսկու առևտրական Ռեզա Զարաբիի գործի շրջանակում, ով ձերբակալվել էր անցած տարի ԱՄՆ-ում պատժամիջոցների խախտման համար: