Հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը
Ամեն տարի անփոփոխ սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը:
Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից
Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները' Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին' հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում' բաժանելով աղքատներին: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն' լուսավորյալ: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Նա տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն' քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին: