Հայ հրշեջ-փրկարարներն Իրանում կմասնակցեն մրցումների
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությանը՝ Ներքին գործերի նախարարի խորհրդական Խալիլ Ռահաթի Ղուչանիի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի և Իրանի միջև առկա համագործակցության խթանման ուղիները և նոր ոլորտները:
Իր խոսքում ընդգծելով հարևան երկրների երկկողմ ձևաչափով սերտ փոխգործակցության կարևորությունը՝ նախարար Դ. Տոնոյանը նշել է այն բնագավառները, որտեղ իրականացվող համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինեն:
ԻԻՀ ներքին գործերի նախարարի խորհրդականն ընդգծել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով կենտրոնացված կառավարում իրականացնելու հետաքրքիր փորձը և, շեշտելով այն հանգամանքը, որ երկու երկրները ենթակա են հիմնականում նույն աղետներին, պատրաստակամություն հայտնեց նպաստել փոխգործակցության ակտիվացմանը:
Իրանում լուրջ աշխատանք է տարվում կամավորների պատրաստման ուղղությամբ, ինչպես նաև հրշեջ մասերի միջև կազմակերպվում են մրցումներ՝ նրանց պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով: Այդպիսի մրցումներից մեկին առաջիկայում կմասնակցեն նաև ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները:
Քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք է բերվել նաև ընդլայնել աշխատանքն ԻԻՀ Կարմիր մահիկի կազմակերպության հետ՝ համատեղ վարժանքների, աղետների բժշկության և սահմանային հենակետերում համատեղ իրականացվող հերթապահության ուղղությամբ (հատկապես՝ զբոսաշրջության ակտիվ սեզոններին):