Հովիկ Աբրահամյանի գործերը սկսել են վատանալ. Սերժ Սարգսյանը զգուշացրել է
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Armtimes.com-ին հատնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի գործերը սկսել են վատանալ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի զգուշացումը Աբրահամյանին է փոխանցել պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը, առավել հայտնի «Կրակեմ Հրաչ» անունով: Վերջինս Աբրահամյանին հասկացրել է, որ քաղաքական հավակնություններ այլևս պետք է չունենա, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ դրանց կարիքը Սարգսյանը չի ունենա: Դրանից առաջ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցով էր զգուշացում փոխանցվել Աբրահամյաին (վերջիններս խնամիներ են), որը, կարծես թե, այնքան էլ արդյունավետ չէր եղել: Ահա այդ զգուշացումներից հետո էլ սկսվեց Աբրահամյանի բիզնեսի մասսայական վաճառքը:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից ամիսներ անց, մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Աբրահամյանի մերձավորներն արտագաղթում են, վերջիններիս բիզնես գործունեությունը դադարեցվում է: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ Աբրահամյանները վաճառել են «Արտֆուդ» ընկերությունում իրենց 50 տոկոս բաժնեմասը, գազալցակայանները: Ավելի վաղ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Ալեքսանյանն էլ գնել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, որը նույնպես պատկանում էր Աբրահամյաններին:
Այսօր այցելեցինք Արարատի մարզ: Արտաշատ քաղաք տանող ճանապարհին՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի աջ եւ ձախ հատվածներում տեղակայված գազալցակայանները, որոնց մի մասը մինչև վերջերս պատկանում էին Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, առանձնապես շատ հաճախորդներ չունեին: Գազալցակայաններից մեկի վրա էլ մեծ տառերով գրված էր «վաճառվում է» և տակը հեռախոսահամարը:
Արտաշատ քաղաքի հենց կենտրոնում՝ հրապարակի հարեւանությամբ, վեր է խոյանում «Արտաշատ պլազա» առեւտրի կենտրոնը: Իրարանցում տեղի չէր ունենում առեւտրի կենտրոնի տարածքում՝ չնայած նրան, որ այն գտնվում է քաղաքի ամենաբանուկ հատվածում:
«Արտաշատ պլազա»-ն ժամանակին հիմնադրել էին Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը և Արտաշատի ներկայիս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի մորական կողմից ազգականն է: Ընկերության հիմնադրումից հետո Աբրահամյաննի հարազատները դուրս են եկել ընկերության բաժնետերերի ցանկից, սակայն այն շարունակում է մնալ իրենց ընտանիքինը:
Արտաշատ քաղաքից ուղեւորվեցինք Մխչյան՝ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր, որի ճանապարհին էլ տեղակայված է «Արտաշատ վինկոն» գինու-կոնյակի գործարանը: Գործարանի մոտ երկու մեքենա էր կայանված, որոնցից մեկը՝ պահակակետի մոտ, փակ էր «Արտաշատ վինկոն»-ի ֆիրմային խանութը: Տեղացի խաղողագործները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մտավախություն ունեն, որ այս տարի այս գործարանը մթերում չի իրականացնելու: Պատճառը՝ ենթադրում են, որ Հովիկ Աբրահամյանն այլևս իշխանություն չունի, բնականաբար՝ արտահանում էլ կդժվարանա կատարել, այդ իսկ պատճառով մթերման այս կետը խաղողագործները հանում են իրենց ցուցակներից:
Գործարանի կայքում նշված հեռախոսահամարները չէին գործում, ուստի հնարավորություն չունեցանք պարզել, թե արդյո՞ք ճիշտ են գյուղացիների ունեցած տեղեկություններ: Այդուհանդերձ՝ հետաքրքիր գրառումներ հանդիպեցին «Արտաշատ վինկոն»-ի կայքում: Նախ այն, որ փաստացի ընկերությունը ժամանակին պատկանել է անձամբ Հովիկ Աբրահամյանին, սակայն կայքում չէին թարմացրել Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ տեղեկությունները: «Արտաշատ վինկոն»-ի կայքում ՀՀ վարչապետը դեռ Հովիկ Աբրահամյանն է:
Ուշագրավ է նաև այս գործարանի արտադրատեսակների անվանումները: Մի հատված մեջբերենք կայքից. «2002թ.-ին Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում կառուցվեց հիմնովին նոր գործարան: Նոր գործարանն այդ ընթացքում մեծ թափ հաղորդեց արտադրությանը, եւ արդեն հայտնի «Արտաշատ Երեք աստղ», «Արտաշատ Հինգ աստղ», «Արտավազդ Տաս տարեկան», «Արտավազդ Տասնհինգ տարեկան» կոնյակների տեսականին համալրվեց նոր՝ «Մարզպետ», «Դռուժբա», «Արգամի 10 տարեկան», «Արգամի 25 տարեկան» և «Տաշիր 25 տարեկան» բարձրակարգ կոնյակներով»: Հիշեցնենք, որ «Արգամ» անվանումը և Հովիկ Աբրահամյանի հոր անունն է, և տղայի՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: