Հայտնի է դարձել Թրամփին ուղղված Օբամայի նամակի բովանդակությունը
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տնից հեռանալուց առաջ ղեկավարի պաշտոնում իրեն հաջորդած Դոնալդ Թրամփին նամակ է գրել, որի բովանդակությունը նոր է հրապարակվել: Այս մասին գրում է «The Guardian»-ը,
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Օբաման ԱՄՆ 45-րդ նախագահին 3 առանցքային խորհուրդ է տվել:
«Տարբեր առումներով մենք երկուսս էլ օրհնված ենք ճակատագրի կողմից, չէ՞ որ բոլորը մեզ պես հաջողակ չեն: Մեր պարտքն է ուժերի ներածին չափով ամեն ինչ անել յուրաքանչյուր երեխայի ու աշխատել ցանկացող ընտանիքի համար դեպի հաջողություն տանող ճանապարհը հարթելու համար»,-գրել է Օբաման:
Անդրադառնալով միջազգային հարաբերություններին՝ Օբաման «ԱՄՆ-ի մեկուսացվածությանը ձգտող» Թրամփին հիշեցրել է, որ ժամանակակից աշխարհում ԱՄՆ-ն անփոխարինելի առաջնորդ է:
«Մենք պարտավոր ենք պահպանել համաշխարհային կարգը, որից և կախված է մեր սեփական երկրի բարեկեցությունն ու անվտանգությունը»,- շարունակել է Օբաման:
Բացի այդ, Միացյալ Նահանգների 44-րդ նախագահը կոչ է արել նոր ղեկավարին դառնալ այն ժողովրդավարական ինստիտուտների ու ավանդույթների (oրենքի գերակայություն, իշխանությունների տարանջատում, հավասար պաշտպանություն, քաղաքացիական ազատություններ) պաշտպանը, հանուն որոնց իրենց նախնիները պայքարել ու զոհվել են: