Պնդումը‚ թե Երկիր մոլորակը կլոր է‚ մասոնների հորինվածքն է. թուրք գործչի սենսացիոն հայտարարությունը
Թուրքիայում իշխող կուսակցության երիտասարդական թևի առաջնորդը հայտնել է‚ որ երկիրն իրականում կլոր չէ‚ իսկ ՆԱՍԱ-ի՝ տիեզերքից արված լուսանկարներն իրականում ֆոտոշոփի արդյունք են: Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet-ը:
«Արդարություն և զարգացում» կուակցության երիտթևի առաջնորդ Ֆաթիհ Թոլգայ Դեմիրի հայտարարությունը երկրում մեծ արձագանքի և հումորների առիթ է դարձել:
Պարբերականը նշում է‚ որ Դեմիրը մասնավորապես հայտնել է‚ որ մարդկությանը տարիներ շարունակ խաբել են՝ Երկիրը կլոր ներկայացնելով: «Պնդումը‚ թե Երկիր մոլորակը կլոր է‚ մասոնների հորինվածքն է: Իրականում այն տափակ է: Իսկ տիեզերքի՝ ՆԱՍԱ-ի կողմից արված և հրապարակված լուսանկարներն ընդամենը ֆոտոշոփի արդյունք են: Մենք դրանում համոզվել ենք՝ ուսումնասիրելով բազմաթիվ կադրեր»‚- ասել է Դեմիրը:
Նա նշել է նաև‚ որ իրականում Արեգակը չի պտտվում Երկրի շուրջ‚ այն ուղղակի արևելքից արևմուտք է շարժվում‚ ինչն էլ արևածագի և արևմուտքի տպավորություն է թողնում: Թուրք գործիչը նաև կասկածի տակ է դրել այն փաստը‚ որ տիեզերքում բազմամիլիոնանոց աստղեր կան: Նրա խոսքով՝ նման ստեր են հորինվել մարդուն փոշեհատիկ ներկայացնելու համար‚ որպեսզի նա հսկայական տիեզերքում իրեն ոչնչություն զգա: