Գյումրիի հայտնի «մուշուրբա»-ի ծագման մասին
Քանի որ ընկերներիցս հարցրեցին, թե Գյումրիի հայտնի «մուշուրբա»-ն (ջուր խմելու և նաև նախկինում բաղնիքում լողանալու ժամանակ ջուր լցնելու պղնձե մեծ գավաթ), ասեմ, որ բառը արաբական ծագման է և հանգում է شرب [šrb] «խմել» արմատին, որից էլ ըստ արաբերենի բառագոյացության կանոնների, կազմվել է գործիքի անուն՝ مشربة [mišraba] «գավաթ»:
Բառն անցել է պարսկերենին, սակայն քանի որ իրանցիներն, ըստ արաբների, «աջամ» են՝ արաբերեն լավ չեն խոսում, խոսում են առոգանությամբ կամ «թլվատ», այսինքն՝ համարյա նույն «немец»-ն են, ինչ սլավոնների համար գերմանացիները, ապա այն պարսկերենում սկսել է արտասանվել mašraba, mašreba և պարսկերենից էլ փոխառվելով օսմանյան թուրքերենում՝, դարձել mešrebe, որին էլ, ի վերջո, բարբառային թուրքերենի müşrübä տարբերակից հայտնվել է հայերենի Կարինի բարբառում՝ դրափոխության արդյունքում ստանալով «մուշուրբա» հնչյունական տեսքը:
Դե, մուշուրբե'մ ջուր (կամ նույնարմատ «շարբաթ») տվեք, խմեմ:
Վարդան Ոսկանյան. Ֆեյսբուք