Դինքին սպանած Օգյուն Սամասթն անվտանգության նկատառումներով տեղափոխվել է մեկ հոգանոց բանտախուց
«Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին անվտանգության նկատառումներով տեղափոխել են մեկ հոգու համար նախատեսված բանտախուց: Այս մասին գրում է թուրքական «Diken.com.tr» կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամասթը հայտնել էր, որ իրեն բանտում սպառնացել են և փորձել դրդել ինքնասպանության: Նա պատմել էր, որ բանտի երկու ժամապահ նրան փակել են մենախցում և ծեծի ենթարկել, ծեծի ընթացքում սպառնացել են թունավորել և սպանել նրան, եթե վերջինս իր կամքով ինքնասպան չլինի:
Նրա փաստաբանը նաև հատուկ նամակ է հղել պատկան մարմիններին՝ խնդրելով Սամասթին տեղափոխել առավել անվտանգ բանտ: Փաստաբանն ահազանգել է, որ իր պաշտպանյալի կյանքը լուրջ վտանգի տակ է:
Սամասթը բանտում պետք է անցկացնի դեռ 4 տարի 2 ամիս:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: