Քուրդ զինյալների հարձակման հետևանքով թուրքական կողմն ունի կորուստներ
Օգոստոսի 31-ին Թուրքիայի Բինգյոլ և Շըրնաք նահանգներում կրկին թուրք-քրդական բախումներ են տեղի ունեցել, որի ժամանակ թուրքական կողմը ունեցել է կորուստներ: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Բինգյոլի Ալընջըք գյուղի մոտակայքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ ռազմական գործողություն է իրականացվել, որի ընթացքում թուրքական կողմը ունեցել է կորուստներ: Մարտերում մահացել է գյուղի պահակներից մեկը. ևս մեկը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Ermenihaber»-ը
Թուրքական ուժերը դեպքի վայր են ուղարկել 1 ուղղաթիռ, որը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում PKK-ականնները հարձակվել են տեղի պահակներից մեկի տան վրա, որի ժամանակ վերջինս սպանվել է: Դեպքից հետո քուրդ զինյալները նահանջել են ելման կետեր: Նրանց դեմ լայնամասշտաբ օպերացիա է սկսվել:
Նշենք, որ Թուրքիայում PKK-ն համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս դեմ գործողությունները տեղի են ունենում, թե երկրի ներսում, թե դրանից դուրս: