Գեներալ Օգանովսկու սանիկի և Շշի Մելոյի ծեծկռտուքի հետ կապված ոստիկանության ուսումնասիրությունները հայտնի են
Վերջին շրջանում մամուլում ամենաքննարկվող թեմաներից մեկը «Շշի Մելո» մականունով հայտնի ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի գործարանում տեղի ունեցած դեպքն է:
Operativ.am-ը ավելի վաղ գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել 1 ամիս առաջ: ԱԺ պատգամավորին շշով հարվածողը քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն է եղել, ով Օշականցի օրենքով գող Գևորիկի և օրենքով գող Զապի մտերիմ ընկերն է, ինչպես նաև գեներալ Օգանովսկու սանիկը:
Զայրացած օրենքով գողերը իրենց ընկերոջ համար խոստացել են Շշշի Մելոյի հետ հաշվեհարդար տեսնել: Իր սանիկի պատիվը պաշտպանելու է շտապել նաև Ղարաբաղի գեներալ Օգանովսկին:
Ոստիկանության կողմից տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ տեղեկությունները ուսումնասիրվել են: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականից հետո, ոստիկանության ներկայացուցիչները այցելել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին, սակայն վերջինս, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հրաժարվել է որևէ պարզաբանում ներկայացնել՝ նշելով, որ նման դեպք տեղի չի ունեցել:
Սակայն փաստը մնում է փաստ, որ դեպքը իսկապես տեղի է ունեցել և հարցը իր լուծումը ստանալու է օրենքի սահմաններից դուրս:
Թե ինչպիսին է լինելու հանգուցալուծումը, էապես կախված է գեներալ Օգանովսկուց և «օրենքով գողերից»: