Լենինգրադյան փողոցի անունը չի փոխվի. Տարոն Մարգարյանը՝ փողոցները վերանվանելու և կոնյակներ գնելու մասին
Այսօր՝ օգոստոսի 30-ին‚ լրագրողների հետ զրույցի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց‚ որ մայրաքաղաքի որոշ փողոցներ անվանափոխելու մասին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկը քաղաքապետարանում քննարկվում է:
«Լինելու են հրապարակային լսումներ‚ նաև գիտական կարծիքներ‚ քանի որ առաջարկների մեջ որոշ խնդիրներ ենք տեսնում այն առումով‚ որ այդ փողոցները նախկինում նույն անուններով վերանվանափոխվել են: Չպետք է մեր պատմությունից հրաժարվենք‚ կողմնակից ենք մեր ազգային հերոսների անուններով փողոցներ անվանակոչել»‚- ասաց Տարոն Մարգարյանը:
Այնուամենայնիվ‚ Երևանի քաղաքապետը նշեց‚ որ Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի‚ ինչը պայմանավորված է Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցությամբ. «Քույր քաղաքներ ենք և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցի անունը փոխել»,- նշեց նա:
Անդրադառնալով Երևանի կոնյակի գործարանից քաղաքային բյուջեի 11 մլն 850 հազար դրամով 500 հատ կոնյակ գնելու մասին օրեր առաջ տարածված տեղեկություններին՝ Տարոն Մարգարյանը նշեց‚ որ համակարծիք չէ‚ թե շռայլություն է թույլ տրվել: