Հավանականությունը, որ եկող տարի կսկսվի տարածքների հանձնման առաջին փուլը, շատ մեծ է
Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հավանականությունը, որ եկող տարի կսկսվի տարածքների հանձնման առաջին փուլը, շատ մեծ է. դա կսկսվի Արցախի հարավից: Արցախի Իրանի հետ ունեցած սահմանը պիտի վերահսկվի ռուսների կողմից, այսօրվա վիճակը անթույլատրելի է համարվում և՛ Իսրայելի, և՛ Ռուսաստանի համար, ու նրանք կարծես թէ համաձայնության են եկել, գոնե գործողությունների առաջին մասով` Զանգելանը, Կուբաթլուն, Ջաբրայիլը և Ֆիզուլին (մի գուցե նաև Աղդամը), կհանձնվեն Ադրբեջանին, պայմանով, որ այնտեղ, մինչև խնդրի վերջնական կարգավորումը, ապառազմականացված գոտի է լինելու, այսինքն, մինչև վերջնական կարգավորումը, ադրբեջանական բանակը այնտեղ չի մտնի, և Իրանի հետ սահմանը ժամանակավորապես կհսկեն ռուս սահմանապահները:
Ադրբեջանցիներին նորից կբերեն այդտեղ բնակվելու, այդտեղ կգործի ադրբեջանական ոստիկանությունը` զինված միայն թեթև զենքով: Այդ տարածքներից տեղահանված հայերին կարող է ինչ որ դրամական փոխհատուցում տան, կամ էլ, ինչպես միշտ, կխոստանան ու չեն տա: Հույսեր փայփայել, որ մեր բանակը չի ենթարկվի հրամանին ու դուրս չի գա այդ տարածքներից, միամտություն է, ինչպես նաև միամտություն է այն տեսակետը, որ ԱՄՆ-ը, կամ ԵՄ-ը ու Իրանը կկարողանան խափանել այդ ամենը:
Այստեղ խնդիրները լուծում են բացառապես ռուսները, իսրայելցիներն, թուրքերն ու ադրբեջանցիները: Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը դրա դիմաց. լավագույն դեպքում կարող է թույլ տան Հայաստանին մի քիչ տնտեսություն զարգացնել, որը իհարկե շատ քիչ հավանական է, ու, մի գուցե, թույլ տան նաև, որ Հայաստանն ու Թուրքիան վերջապես դիվանագիտական հարաբերություններ հաստատեն միմյանց միջև, սակայն հայ-թուրքական սահմանի բացումը կարծում եմ կհետաձգեն մինչև հարցի վերջնական կարգավորումը, այսինքն մինչև Արցախի ամբողջական հանձնումը Ադրբեջանին, իսկ դա կլինի միայն այն դեպքում, երբ Իսրայելը, հեղափոխության կամ էլ ուղղակի ռազմական միջամտության շնորհիվ, կիրականացնի իշխանափոխություն Իրանում, ու այնտեղ իշխանության կբերի իր մարդկանց, որից հետո նոր Ադրբեջանը, իր կազմում ունենալով Արցախը, կներգրավվի ԵԱՏՄ-ի մեջ: