Մոսկվա-Վլադիկավկազ չվերթի ինքնաթիռում ուղևորուհի է մահացել
Մոսկվայից Վլադիկավկազ ուղևորվող ինքնաթիռում ուղևորուհի է մահացել: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով արտակարգ ծառայություններին:
««Boeing 737» ինքնաթիռի օդաչուն կիրակի առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց հետո հայտնել է, որ ուղևորուհիներից մեկն իրեն վատ է զգացել, և խնդրել է վերադառնալ օդանավակայան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Սակայն վայրէջքի ժամանակ կնոջ վիճակն ավելի է վատացել, նա կորցրել է գիտակցությունն ու ընկել կոմայի մեջ: «Այն բանից հետո, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, օդանավին մոտեցած բժիշկներն արձանագրեցին ուղևորուհու մահը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: