Դու ձախողվել ես որպես հայր, ձախողվել ես որպես տղամարդ. Արամազդ Անդրեասյանի դատավճիռը հայտնի է
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի բնակիչ, հայազգի Արամազդ Անդրեասյան ավագը, ով մեղադրվում է իր 5 տարեկան որդու սպանության մեջ, դատապարտվել է 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ 35-ամյա Անդրեասյանը բանտից վաղաժամ կկարողանա ազատ արձակվել միայն 25 տարի անց:
«Տղաս իմ ամենամեծ երջանկությունն էր, իսկ հիմա՝ իմ ամենամեծ տխրությունը: Դու ձախողվել ես որպես հայր, ձախողվել ես որպես տղամարդ, ձախողվել ես որպես մարդ արարած», - ամուսնուն դատավճռի ըներցման ժամանակ ասել է սպանված փոքրիկի մայրը:
Արամազդ Անդրեսյանի խոսքը փոխանցել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ երեխայի մայրը որդու անհետացման մասին բարձրաձայնել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում նշանակված հանդիպման վայր՝ երեխային իրեն փոխանցելու համար։
Գրեթե երկու ամիս անց երեխայի մարմինը գտել են Սանտա Բարբարա շրջանի Քաչումա լճի մոտ: