Արքայազն Հարրին պատմել է, թե ովքեր են սպանել արքայադուստր Դիանային (լուսանկարներ)
Արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի կրտսեր որդին՝ Հարրին մոր մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ կշտամբել է պապարացիներին: Այս մասին հայտնում Mk.ru-ն:
Արքայազնը կրկին բարձրաձայնել է Դիանա Սպենսերի, նրա զուգընկերոջ՝ Դոդի ալ-Ֆայեդի և մեքենայի վարորդի ողբերգական մահվան պատճառներից մեկը. մեղավոր են «յուղոտ պատառի» հետևից ընթացած լրագրողները, ովքեր դժբախտներին հարկադրել էին մեծ արագությամբ նրանցից փախչել: Թղթակիցները ոչ միայն ավտովթարի իրավիճակ էին ստեղծել, այլև չէին փորձել մեքենայի հետնամասում նստած արնահոսող Դիանային օգնել:
BBC-ին տված ամբողջական հարցազրույցում արքայազն Հարրին պապարացիի մասին տարբերակը Լեդի Դիանայի հետ տեղի ունեցած ողբերգության հիմանական պատճառն է համարում (կան մի քանի տարբերակներ, հիշեցնենք, վարորդի կողմից ալկոհոլը չարաշահած լինելուց մինչև ծրագրված սպանություն):
«Նա գլխի ծանր տրավմա էր ստացել, բայց դեռ ողջ էր: Մեքենայի հետնամասում էր, իսկ այն մարդիկ, ովքեր ավտովթար էին հրահրել, նրան օգնելու փոխարեն լուսանկարահանում էին, թե ինչպես է նա մահանում»,- ասել է Հարրին:
Նա ընդգծել է, որ «սենսացիայի» հետևից ընկնելով լուսանկարիչները մոռացել էին մարդկային որակների մասին, իսկ ավելի ուշ անամոթաբար ԶԼՄ-ներին էին վաճառել այդ սկանդալային կադրերը: