Թուրքերի և ռուսների միջև 820 մլն դոլարի առևտրային պայմանագրեր են ստորագրել
Թուրքիայի Իզմիր քաղաքում օգոստոսի 18-ից 27-ը անցկացվող միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ռուսական ու թուրքական ընկերությունների միջև 820 մլն դոլարի առևտրային պայմանագրեր են կնքվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այս տարի որպես գործընկեր երկիր ընտրվել է Ռուսաստանը, որի տաղավարի համար հատկացվել է 1.100 քմ տարածք:
Ցուցահանդեսի առաջին 5 օրվա ընթացում Ռուսաստանից ներկայացված 50 ընկերությունների ներկայացուցիչների հետ թուրք գործընկերները բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել: 820 մլն դոլարի պայմանագրերի մեծ մասը կազմում են ռուսական 6 խոշոր ընկերությունների հետ ստորագրված համաձայնագրերը: Դրանցից մեկն էլ ստորագրվել է ռուսական «Gaz Group» ավտոարտադրող կոնցեռնի հետ:
Պայմանագրի համաձայն՝ ռուսական ընկերությունը Թուրքիայի Սաքարյա քաղաքում ավելի վաղ հիմնած գործարանում կսկսի արտադրել 2 տեսակի թափքով փոքր բեռնատար մեքենաներ:
Նշվում է, որ ռուսական ընկերությունները հիմնականում ներկայացրել են ավտոմոբիլաշինության, նավթաքիմիական, սննդի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, էներգետիկայի ոլորտները: