Իրանում կհանեն Twitter-ի արգելափակումը
Իրանի նոր կապի և հաղորդակցության նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում Twitter ծառայության հետ՝ երկրում դրա արգելափակումը հանելու համար, գրում է «РиаНовости»-ն:
«Twitter-ից հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել՝ խնդիրը լուծելու համար,- ասել է նախարարը:- Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ նման բանակցությունների և փոխգործակցության համար հիմքեր կան:
Twitter-ն անբարոյական միջավայր չէ, որ արգելափակված լինի»: Ջահրոմիի խոսքով՝ վերջնական որոշումն այդ հարցում կընդունի ոչ թե իր նախարարությունը, այլ Կիբերանվտանգության հարցերով գերագույն խորհուրդը: Հիշեցնենք, Իրանում սոցիալական ցանցերն արգելափակվել են 2009թ., երբ երկրում նախագահական ընտրություններից հետո սկսվեցին զանգվածային հուզումներ: