Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և բազմաթիվ ընթերցողներին:
«Մեծ է Պերճ Զեյթունցյանի ներդրումը հայ արձակի զարգացման ասպարեզում: Նշանակալի է նաև նրա ավանդը մեր դրամատուրգիային նոր շունչ հաղորդելու և թատերական կյանքը հարստացնելու գործում:
Մեր ազգային նորօրյա զարթոնքի շրջանում նորովի և առանձնահատուկ կերպով դրսևորվեց Պերճ Զեյթունցյանի հրապարակախոսական տաղանդը»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: