Կյանքի 79-րդ տարում մահացել է արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը
Մահացել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948 թվականին հայրենադարձել է։
Ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: 1989-ին արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:
Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։
Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։