Դու այս երկրի ամոթն ես. Կարո Փայլանը պատասխանել է «հայ» բառը որպես հայհոյանք օգտագործած Անկարայի քաղաքապետին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Twitter»-ի իր պաշտոնական էջում Անկարայի քաղաքապետին անվանել է ռասիստ ու ֆաշիստ:
Փայլանը պատասխանել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին, ով վերջերս Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին վիրավորելու համար օգտագործել էր «Հայի ծնունդ» բառը:
«Ջեմ Օզդեմիրի անունը պատմության մեջ մնալու է որպես Թուրքիայի հպարտություն, իսկ քոնը՝ որպես ամոթ», - գրել է Փայլանը:
Նշենք, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումից հետո Ջեմ Օզդեմիրի ստացած բազմաթիվ մահվան սպառնալիքների հետևանքով Գերմանիայում Քրեական գործերով դաշնային գերատեսչությունը ստիպված է եղել միջոցառումներ ձեռնարկել պատգամավորի անվտանգությունն ապահովելու համար:
Թուրք-չերքեզական ծագում ունեցող Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության նախաձեռնողն էր և բանաձևի ընդունման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը, որը 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ելույթ է ունեցել անմոռուկի կրծքանշանով: