Տորոնտոյի կինոփառատոնում կկայանա Էրիկ Նազարյանի «Երեք Քրիստոս» ֆիլմի պրեմիերան
«Երեք Քրիստոս» ֆիլմը, որի ռեժիսորն է Ջոն Էվնեթը, իսկ սցենարի համահեղինակներն են ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանն ու Էվնեթը, կցուցադրվի Տորոնտոյի 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին գրել է «The Armenian Weekly»-ն:
Ֆիլմը ներկայացնում է բժիշկ Ալան Սթոունի կյանքը: Նա բուժում է շիզոֆրենիայով տառապող 3 հիվանդի, որոնցից յուրաքանչյուրը վստահ է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է: Ֆիլմում նկարահանվել են Ռիչարդ Գիրը, Փիթեր Դինկլեյջը, Ջուլիանա Մարգուլիսը, Ուոլթոն Գոգինսը, Բրեդլի Ուիթֆորդը և Ջեյն Ալեքսանդրը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին հայտարարվել է օգոստոսի 15-ին: Կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են նաև ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Լա Վիլլա» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին:
Տորոնտոյի 42-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 7-17-ը: