Թուրքիայում հասարակական զուգարանը կառուցվել է հայկական գերեզմանոցի վայրում. Փայլանը մեկնել է Վան
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի (խորհրդարան) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնել է Վան: Այս մասին գրում է «Ակօս»-ը:
Նա տեղում անձամբ է ծանոթացել պատմական հայկական գերեզմանոցի տարածքում իրավիճակին, որտեղ վերջերս տեղի իշխանությունները հասարակական զուգարան էին կառուցել:
Փայլանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ իր այցից հետո նա այլևս որևէ կասկած չունի, որ զուգարանի կառուցման վայրում հին հայկական գերեզմանոց է եղել:
«Ուր ձեռքս տարա՝ մարդու ոսկոր դուրս եկավ: Ակնհայտ է, որ հասարակական զուգարանը, հանդերձարանն ու սրճարանը կառուցվել են գերեզմանների վրա: Ցավ ապրեցի, որ չկարողացանք անգամ մեր մահացածներին տեր կանգնել», - նշել է Փայլանը: