Յուրաքանչյուր առավոտ լավ կլինի հարցնեք ձեզ՝ ի՞նչ եք անելու այսօր, որ ադրբեջանցիք կամ գոնե ՀՀ ԱԱԾ-ն, ձեզ «պատվիրեն»
Իրեն հարգող ՀՀ քաղաքացին պիտի նենց ապրի, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները գլխագին նշանակեն իր համար: Սա ազգայնականության հետ բացարձակ կապ չունի, զուտ քաղաքացիական պարտք է՝ անկախ քաղաքական հայացքներից ու դավանանքից: Լևոն Մելիք-Շահնազարյանի այդքան վաղ հեռանալը աթեիզմի լավ գովազդ էր իմ համար, թեպետ նա իր կյանքում ի թիվս այլ նվաճումների հասել էր նրան, որ ադրբեջանցիք ստիպված լինեն մահափորձ կատարել Երևանում՝ ռիսկի տակ դնելով շատ մեծ գործակալական ցանց:
Մահափորձը տապալվեց, իրականացնողը բռնվեց ու բանտարկվեց: Հետո փախավ: ԱԱԾ նկուղից: Ավելի ճիշտ, փախավ ԱԱԾ երկրորդ հարկի բաց պատուհանից, մինչդեռ պիտի գտնվեր նկուղում: Հետո հանգիստ հատեց հայ-վրացական սահմանը: Ավելի ուշ բանտարկվեց նաև Վրաստանում, որտեղից զարմանալիորեն չկարողացավ փախուստի դիմել, այնուամենայնիվ մեր իրավապահները նրան չեն պահանջում...
Լևոն Մելիք-Շահնազարյանի մահվան յուրաքանչյուր տարելիցը ինձ հուշում է, որ մեր պետության մեջ գոյություն ունեցող պետությունը, պիտի կազմաքանդվի ու վերացվի, որպեսզի մենք ճանաչենք իրական հերոսներին և տարբերենք հրեշտակի հայացքով սուտասան աֆերիստներից: Ընդհանրապես յուրաքանչյուր առավոտ լավ կլինի հարցնեք ձեզ՝ ի՞նչ եք անելու այսօր, որ ադրբեջանցիք կամ գոնե ՀՀ ԱԱԾ-ն, ձեզ «պատվիրեն»:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: