Զավեշտալի ա, երբ նույն տաշտակում ճողփացողներից մեկը փորձում ա ջուրը քաշել իր կողմը. Քրիստ Մանարյան
Սցենարիստ և ռեժիսոր Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն անգամ, երբ որևէ պրոդյուսեր, ռեժիսոր, կամ իրեն դրանցից մեկը հորջորջող կինոպռառաբ հայտարարում է, որ Հայաստանում սցենարիստական դպրոց չկա` ծիծաղս գալիս է. թե չէ ռեժիսորական դպրոցներն ամեն քայլափոխի են, սուպերմարքեթների պես:
Կամ եթե մեկը Հայաստանի Հանրապետության պետական սահմանից մի քայլ էն կողմ է սովորել` արդեն կնիքը ճակատին խփած ռեժիսոր է: Ոչի՞նչ, որ շատերը սցենարիստ ասելով հասկանում են գրչակի, որը ռեժիսորի ու պրոդյուսերի (դե պրոդյուսերական դպրոցների մասին էլ չասենք ու չասենք` թափած են մայթերին) հլու կամակատարն է:
Եթե պիտի կինոյի ասպարեզում հիմնական թելադրող լինեն միայն պրոդյուսերները` որոշ ժամանակ անց կունենանք ի սկզբանե քանոնով հաշվարկած, դզած-փչած, շուշաթղթած կինո, որը կարելի կլինի մեծաքանակ դրսում ծախել, ասենք` հայկական ծիրանի ու ձմերուկի պես: Առանց նեղանալու: Իսկ եթե պիտի ռեժիսորների հեգեմոնիա լինի` կունենանք գիժ-գիժ կինոներ, չթռչող ինքնաթիռների նման ծանր, անշրջահայաց ու վախենալու:
Կինոն, ըստ իս` բոլորի ջանքերի միավորումն ու նաև խելամիտ կոմպրոմիսը: Եթե դա սովորական կինոն է: Բայց կա ռեժիսորական կինո, պրոդյուսերական, դերասանական, անգամ օպերատրական...և ո՞վ ասեց, որ դրանք կինո չեն: Պատկերացնում ե՞ք ինչ կլիներ, եթե ասենք Փարաջանովին կամ Փելեշյանին պրոդյուսերները ստիպեին նկարել սեփական տեսլականով ֆիլմեր, որոնք լավ վաճառվեին....բռռռռ....
Կինոյի օրենք իհարկե պետք է, անհրաժեշտ ա: Եվ շատ վաղուց: Բայց պետք չի պատկերացնել, որ այսուհետև կինոաշխարհի շիռպատրեբ, դրսում գրված մոտեցումները մեզ համար պիտի դառնան ոսկե օրենքներ: Եվ պետք չի մեղքը բարդել նույն ոլորտի մյուս ճյուղերը ներկայացնողների թվացյալ ապաշնորհության վրա, սևացնելով նրանց ու կավիճ քսելով սեփական դեմքին:
Հեռախոսով նկարած կինոն էլ է կինո: Ու նույնիսկ շատ լավ կինո: Մի խոսքով, պետք չի էլի` «վսե վ գավնե ա յա վ բելոմ ֆռակե»: Զավեշտալի է, երբ նույն տաշտակում ճողփացողներից մեկը փորձում ա ջուրը քաշել իր կողմը:
Իսկ էդ արանքում մի քանի իսկապես տաղանդավոր մարդիկ գլուխները կախ շարունակում են Սիզիփոսի պես վեր գլորել ժայռը ու ֆիզիկայի բոլոր օրենքներին հակառակ` հասցնում են սարի գագաթը: Սիրենք զդիմացինս, մեր ժողովուրդը մեզնից գործեր է ակնկալում, ոչ թե փոխադարձ մեղադրանքներ ու մեծամիտ, սին հայտարարություններ:
Ասում եմ որպես սցենարիստ ու ռեժիսոր, ով չի ուզի` թող չընդունի: Բայց ախր իրականում կինո ենք նկարում, էլի` հո աշխարհը շալակած չե՞նք տանում... ավելի համեստ, պարոնայք, ավելի համեստ»: