Մոսկվան և Բաքուն արժանի ռազմավարական գործընկերներ են. 2-ն էլ անաղուհաց են
Վրաստանում օգոստոսի 8-ը սգո օր էր: Այդ օրվան նվիրված միջոցառումները և ելույթները բազմաթիվ էին,և դրանցից ուզում եմ հատուկ առանձնացնել Վրաստանում բնակվող ադրբեջանցիների կողմից կազմակերպվածը՝ տեսահոլովակ, որում երիտասարդ ադրբեջանցիները կոչ են անում Ռուսաստանին վերջ տալ Վրաստանի տարածքների բռնազավթմանը:
Լեյլա Աքբերովան,Էլվին Հասանօղլուն, Քյամրան Ամջանօղլուն, Սաբինա բաբազադեն և այլոք վրացերեն լեզվով ներկայացնում են 9 տարի առաջ տեղի ունեցածը և մեղադրանքներ ներկայացնում Վրաստանի հյուսիսային հարևանին:
Այս թեմային չէի անդրադառնա, եթե այս հակառուսական քարոզչությանը չմասնակցեին Վրաստանի ադրբեջանցիները, որոնք բավական սերտ կապեր ունեն Բաքվի և ադրբեջանական SOCAR Georgia-ի հետ ու համոզված եմ,որ ուղղորդված են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից:
Ռուս-ադրբեջանական եղբայրության և բարեկամության մասին բարձրաձայնող Բաքուն իրականում այլ «խաղեր» է տանում,որի մասին գրեթե բոլորը գիտեն, բայց չգիտես ինչու Մոսկվայում չեն ուզում դա տեսնել կամ տեսնում են, բայց չեն արտահայտվում: Իլհամ Ալիևը, ով ջանքեր չի խնայում ռուսաստանյան ԶԼՄ-ներով Պուտինին իր հավատարմությունը ցույց տալուն իրականում վարում է հակառուսական քաղաքականություն: Դե ինչ...Երևի ՌԴ-ն արժանի է ունենալ Ադրբեջանի նման ռազմավարական գործընկեր, որին վերջին տարիներին մոտ 8 միլիարդ դոլլարի զենք է վաճառել, իսկ վերջինս էլ իր շնորհակալությունն է հայտնում Մոսկվային՝ ակտիվ հովանավորել օտար երկրներում կազմակերպվող հակառուսական միջոցառումները:
Մոսկվան և Բաքուն արժանի ռազմավարական գործընկերներ են...Երկուսն էլ անաղուհաց են:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք