Թուրքիայում կրկին «Hero» գրությամբ շապիկ կրելու համար մարդ է ձերբակալվել
Թուրքիայի Ադանա նահանգի Սեյհան շրջանում նախօրեին կրկին «Hero» գրությամբ շապիկ կրող քաղաքացի է ձերբակալվել: Ցուցմունք տալիս վերոնշյալ անձը արդարանալով ասել է, որ ուշադիր չի եղել թե շապիկին ինչ է գրված: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը:
Երկրում «Hero» գրությամբ շապիկներ հագնող մարդկանց սկսել են ձերբակալել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի գործով դատավարության ժամանակ կասկածյալներից մեկը ներկայացել էր նույն գրությամբ շապիկ հագած:
Այդ դեպքից հետո Թուրքիայում կասեցվել էր նաև «DeFacto» ընկերության կողմից արտադրվող «Hero» գրությամբ շապիկների վաճառքը: Սակայն շապիկն ավելի վաղ ձեռքբերած բազմաթիվ քաղաքացիներ առ այսօր դեռևս փողոցում կանգնեցվում ու ձերբակալվում են: Այս պահի դրությամբ արդեն ձերբակալվել է մետ 30 հոգի: