«Վեոլիա ջուր» ընկերությունը ջրի սակագները բարձրացնելու պահանջով կդիմի ՀԾԿՀ
Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ջրի սակագները բարձրացնելու հարցով:
«Վեոլիա ջուր» ընկերությունը առաջարկում է ներկայում 1 խ.մ. ջրի արժեքը սահմանված 180 դրամից հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամից առաջարկվում է հասցնել 58.3-ի:
«Tert.am»-ի հետ զրույցում «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը հաստատել է այս տեղեկատվությունը: Ըստ նրա՝ դեռևս հստակ չէ, թե սակագների ինչ չափի բարձրացում է ընկերությունը նախատեսում պահանջել: «Հաջորդ շաբաթ հստակ կլինի, հնարավոր է փոփոխություններ կատարվեն: Այս պահին քննարկումներ են գնում՝ հիմնավորելու ինչքան դրամով բարձրացվեն»,-ասաց նա:
Մուրադ Սարգսյանը հստակեցրեց, որ գործընթացը կատարվում է օրենքի պահանջով, ըստ որի՝ ամեն տարի ընկերությունը պետք է հայտ ներկայացնի սակագնի փոփոխության նպատակով: «Դրա համար էլ սահմանված ժամկետում մենք պատրաստվում ենք հայտ ներկայացնել»,-ասաց նա: