Ռուսաստանը չի ուզում հասկանալ, Հայաստանն էլ չի ուզում բացատրել
Տեսեք, թե ինչ հետաքրքիր քննարկում են սկսել ռուսները: Չեչնիայի ու Դաղստանի պայթյունի ահը այլևս ոչ ոքի հանգիստ չի տալիս: Ու գիտեն, որ դա անխուսափելի է: Ճիշտ այնպես, ինչպես որ վստահ են, որ կադիրովներ կերակրելու ու այդպես դրանց բերանը փակելու մարտավարությունը չի կարող միշտ արդյունավետ լինել: Որովհետև` նախ շատ թանկ են նստում դրանք Մոսկվայի վրա և ապա` այլ կերակրողներ էլ կան աշխարհում, որ կարող են ավելի մեծ փողեր առաջարկել նույն կադիրովներին` Ռուսաստանը ներսից պայթեցնելու համար:
Իսկ փրկության միակ ուղին, որ կարող է պահպանել Ռուսաստանի տարածքային ամբողջությունը, ռուսները համառորեն չեն տեսնում: Ինչ կարող ես անել` մարդիկ չեն ուզում հասկանալ, որ Հյուսիսային Կովկասն էլ թիկունք ունի ու դա Հարավային Կովկասն է: Չեն ուզում հասկանալ, որ այդ նույն թիկունքում գտնվող իրենց միակ դաշնակիցը` Հայաստանը, Ռուսաստանին նույնքան անհրաժեշտ է, որքան իրենք մեզ:
Իրենց «կայսերական» մտածելակերպը ոչ մի կերպ չի կարողանում մարսել այն միտքը, որ փոքր Հայաստանը մեծ Ռուսաստանի անվտանգության երաշխիքներից մեկն է` ոչ ամենավերջինը:
Ու այդպես էլ ապրում ենք` Ռուսաստանը չի ուզում հասկանալ, Հայաստանն էլ չի ուզում բացատրել:
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ֆեյսբուք