Գինեսի գրասենյակը հաստատել է ջութակահար Մադոյանի ռեկորդը
Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակը հաստատել է հայտնի հայ ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանի Երևանում ամիսներ առաջ սահմանած երաժշտական ռեկորդը: Այդ մասին ջութակահարը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի հայեր
Ս/թ. հուլիսի 25-ին Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակը հաստատեց մայրաքաղաք Երևանում ամիսներ առաջ սահմանված երաժշտական ռեկորդս.
30 տարի է, ինչ բարձր բեմերում եմ. մի ժամանակահատված, որն համընկել է Արցախյան հերոսամարտի ընթացքի հետ:
Իմ այս փոքրիկ հաղթանակը նվիրում եմ մեր մեծ Հաղթանակը կերտող բոլոր ազատամարտիկներին. կենդանի և անմահացած:
Շնորհակալ եմ նաև տարիների նվիրյալ ունկնդիրներիս, ինչ ազգության էլ որ լինեն, իմ արվեստի ճանապարհին ինձ ուժ և անսահման երևակայություն հաղորդելու համար:
Խոնարհվում եմ մեր ժողովրդի պատմության ու գալիքի և, իհարկե, համայն մարդկության հրաշագեղ մոլորակը արարող մեծագույն Ուժի առջև:
Ձեր Նիկոլայ Մադոյան»,-գրել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ 2017-ի փետրվարի 11-12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Մադոյանը նվագել է 33 ժամ (ամեն ժամ 5-րոպեանոց ընդմիջումներով)՝ կատարելով 59 երաժշտական ստեղծագործություն, այդ թվում նաև Կոմիտասի երկերից: