Կրեմլը՝ Քադիրովի պաշտոնաթող լինելու լուրի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլում չեն ստացել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի խնդրանքն այն մասին, որ վերջինս թողնի իր լիազորությունները: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Պեսկովն ընդգծել է, որ նրա խոսքերը՝ տարածաշրջանի ղեկավարի պաշտոնը թողնելու պատրաստության և Ալ-Աքսայի մզկիթը պաշտպանելու մասին, դժվար թե կարելի է գնահատել որպես աշխատանքը փոխելու մասին հայտարարություն:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը սոցկայքերից մեկում գրել էր, որ պատրաստ է թողնել իր պաշտոնը և մնացած ողջ կյանքը նվիրել Երուսաղեմի Ալ-Աքսայի մզկիթը հսկելուն:
«Հազիվ թե դա կարելի է որակել որպես աշխատանքը փոխելու մասին հայտարարություն: Դա ավելի շատ ցուցադրական հայտարարություն է, որը Քադիրովը նվիրում է իսլամին, հավատացյալների իրավունքներին: Դրա համար պետք չէ դա ուղղակիորեն ընկալել»,- ասել է Պեսկովը: