Հազա՜ր երանի վատագույններին, որ հուսահատվել չգիտեն բնավ… Պարույր Սևակ
Աշխարհին… մանկա՜ն մաքրություն է պետք,
Եվ հենց ա՛յն մանկան,
Որին ամեն օր աշխարհ են բերում
Նաև աշխարհի… անմաքուրները,
Մինչիսկ նրա՛նք' անմաքուրնե՜րը,
Քանզի… աշխարհին մաքրությո՜ւն է պետք…
Երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում:
Քեզնով երդվելիս
Ձեռքըս դնում եմ իմ սրտի վրա՝
Սեղմելո՛ւ նման,
Որ… հանկարծակի չպայթի դողից…
Ես հոգնել եմ, շա՜տ:
Ու կան վայրկյաններ,
Երբ ես ասում եմ.
-Էլ քեզ չե՛մ սիրում:
Սակայն ասում եմ այնքա՜ն մտքիս մեջ,
Ասես կողքիս ես և լսես պիտի:
Իսկ մեզ յո՜թ միլիոն մետր է բաժանում:
Ու մինչև անգամ եթե դու լսես,
Մի՞թե կլինես այնքա՜ն միամիտ,
Որ ինձ հավատաս:
Այդպես հեշտ ու շուտ հավատացողին
Իրո՛ք չեմ սիրում:
Երբ մենք հանդիպենք,
Ես գիտե՛մ, թե քեզ ինչ եմ հարցնելու:
Իսկ որոշվա՞ծ է քո պատասխանը:
Երջանիկները... ո՜ւժ չեն ունենում՝
Իրենց ու իրար… տանջելո՛ւ համար…