Մահացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը
Հուլիսի 24-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Երևանի Այգեձոր 3 հասցեում:
Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 26-ին, ժամը 12:00-ից 13:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Վերա Հակոբյանը ծնվել է 1928 թ.-ին: 1946-1951 թթ. սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Ուսումնառության տարիներին մասնագիտական դասընթացներ է անցել բեմական խոսքի վարպետներ Հրաչուհի Ջինանյանի և Հայկուհի Գարագաշի մոտ։ 1951 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում։ Հաղարդավարական աշխատանքին զուգահեռ զբաղվել է ասմունքով։
1980-ականներին կատարել է սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները։ 1972 թվականից Բելլա Դարբինյանի հետ Լիբանան մենահամերգի մեկնելուց հետո պարբերաբար համերգներով հանդես է եկել սփյուռքի հայաշատ համայնքներում՝ տարածելով հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը։ Հայաստանի ազգային ռադիոն, որի հետ կապված է եղել իր ամբողջ աշխատանքային գործունեությունը, նրա երկրորդ տունն է եղել։ Նրա անվան հետ է զուգահեռվում «Երևանն է խոսում» բառակապակցությունը: