Չինարիում հակառակորդի դիպուկահարը գրեթե մեկ ժամ կրակել է 17-ամյա երիտասարդի ուղղությամբ. գյուղը լուրջ վնասներ է կրել
Հակառակորդը կրկին հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ բացելով Չինարի գյուղի ուղղությամբ:
Operativ.am-ը Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանից տեղեկացավ, որ հուլիսի 20-ին, կրակոցների հետևանքով գյուղը լուրջ վնասներ է կրել: Խոշոր չափի վնասներ է հասցվել հատկապես գյուղի ֆերմերներից մեկին: Ֆերմերի անասնագոմի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով վառվել է մոտ 3000 հակ խոտ, էլեկտրական աղացը և կից շինությունը: Ընդհանուր առմամբ մոտ 12 մլն դրամի վնաս է հասցվել:
Կրակոցների հետևանքով վնասվել են նաև մի շարք տներ, ինչպես նաև մանկապարտեզի տանիքը:
«Դիպուկահարը մեկ ժամից ավել կրակել է 17-ամյա երիտասարդի ուղղությամբ, ճարպիկ տղա է, կարողացել է պատսպարվել»,- ասաց գյուղապետը և հավելեց. «Կրակոցները եղել են ոչ միայն երիտասարդի ուղղությամբ, այլ ամբողջ գյուղն է հայտնվել հակառակորդի դիպուկահարի թիրախում»:
Գյուղապետի խոսքերով գյուղացին վաղուց սովորել է պաշտպանվելու ձևերը:
«Առաջին իսկ կրակոցից պատսպարվում ենք: Անվտանգ տեղերը բոլորս էլ շատ լավ գիտենք»,-իր խոսքը եզրափակեց գյուղապետը: