Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայեր չեն տուժել. ԱԳՆ
Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով հայեր չեն տուժել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ըստ armemb.gr-ի նախնական տվյալների՝ Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,-գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 100 մարդ է տուժել Հունաստանում՝ Էգեյան ծովում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Զոհվել է նվազագույնը 2 մարդ։
6.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ 10.3 կմ հեռավորությամբ Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող զբոսաշրջային Բոդրում քաղաքից և 16.2 կմ՝ հունական Կոս կղզուց։
Հաղորդվում է, որ Բոդրումում բժշկական օգնության է դիմել շուրջ 70 մարդ։