Սաուդյան Արաբիայի արքայազնը ձերբակալվել է թագավորի հրամանով
Էր Ռիադի ոստիկանությունը ձերբակալել է Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի ներկայացուցչին՝ Սալման արքայի հրամանով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Al-Ekhbariya» հեռուստաալիքին:
Նշվում է, որ ձերբակալության պատճառ են դարձել ավելի վաղ հրապարակված տեսագրություններն ու լուսանկարները, որոնցում երևում են, թե ինչպես է արքայազնը հարձակվում մարդկանց, այդ թվում կանանց վրա:
«Արքա Սալման բեն Աբդելազիզ Ալ Սաուդը արքայազն Սաուդ բեն Աբդուլ Ազիզ բեն Մուսայիդին և այն մարդկանց շտապ ձերբակալելու և բանտարկելու հրաման է արձակել, ովքեր խայտառակ տեսագրություններում, դուրս գալով լիազորությունների շրջանակից, խախտել են օրենքը»,- փոխանցում է հեռուստաալիքը:
Էր Ռիադի ոստիկանությունը արքայազնին ձերբակալել է տեսագրության հայտնվելուց անմիջապես հետ, տեսանյութը հրապարակել է «Eremnews»-ը: