«Չենք լռելու». ԱՄՆ-ի կոնգրեսականները և հայ համայնքի բողոքի ցույցը Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև
«Մենք չենք լռելու», – այս կարգախոսի տակ անցավ հայ, քուրդ և եզդի համայնքների ցույցը Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև: Ցույցն անցնում էր ի բողոք մայիսի 16-ին հենց այստեղ տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Էրդողանի դեմ ցույցի դուրս եկած ամերիկացիների: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք խորապես վիրավորված ենք, որ նա իր ավազակների հետ միասին միջամտեց խաղաղ ցույցին», – նշում է կոնգրեսական Մքգավերնը:
Կոնգրեսական Ջոն Սարբանեսի խոսքով՝ նա երբեք չէր պատկերացնի, որ նման բան հնարավոր է ամերիկյան հողում.
«Դա ցույց է տալիս, թե որքան խորն են արմատավորված Թուրքիայում բռնությունը, ագրեսիան և միապետությունը»:
Չնայած շոգ և խոնավ եղանակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ բողոքելու դուրս էին եկել ազգությամբ հայ, քուրդ և եզդի տասնյակ ամերիկացիներ: Մայիսի 16-ի միջադեպը տեսագրած Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, ցույցը սկզբունքային հարց է.
«Մենք այսօր այստեղ ենք, որ Թուրքիային ասենք, որ այն իրավունք չունի մերժելու ամերիկացիների իրավունքները»:
Համբարյանի կարծիքով՝ տարիներ շարունակ Թուրքիան փորձել է ազդել Միացյալ Նահանգների քաղաքականության վրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելելու նպատակով, իսկ տեղի ունեցած միջադեպն այդ քաղաքականության գագաթնակետը դարձավ: «Ամերիկայի Ձայն»-ը մեկնաբանություններ էր խնդրել նաև Թուրքիայի դեսպանությունից, սակայն, տեսանյութի հրապարակման պահին պատասխան դեռեւս չէր ստացել:
Ցույցին միացած կոնգրեսականների խոսքով՝ Թուրքիայի նախագահը փորձեց իր երկրի ներսում հալածանքների և ճնշումների գործելաոճը տարածել նաև ամերիկյան հողի վրա.
«Փողոցի այն կողմից նա ուղարկեց իր ավազակներին, որպեսզի ծեծի ենթարկեն բողոքի իրենց իրավունքից օգտվող մի խումբ ամերիկացիների»:
Ազդեցիկ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերի խոսքով, Միացյալ Նահանգների ժողովրդից ներում ստանալու համար Էրդողանը պետք է ամերիկյան դատարանին հանձնի ծեծին մասնակցած անձնական թիկնապահներին.
«Մինչեւ ներողություն չխնդրի Ամերիկայի ժողովրդից այն բանի համար, որ իր ավազակները ծեծի են ենթարկել Ամերիկայի քաղաքացիների, Էրդողանին Միացյալ Նահանգներում ոչ ոք չի սպասում»:
Բողոքի ցույցի մասնակիցներից մի քանիսը դեսպանի նստավայրի առջեւ էին եկել սաղավարտներով, հիշեցնելով Թուրքիայում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման մասին:
Նախկին դատավոր, իսկ այժմ կոնգրեսական Թեդ Փոն նշեց, որ եկել է հիշեցնելու բոլորին, որ ամերիկյան հողն ազատ հող է.
«Միայն այն միտքը, որ արտերկրյա բռնակալ կարող է Միացյալ Նահանգներ գալ և հենց այնտեղից իր մարդկանց ուղարկել ամերիկացիներին ամերիկյան հողում ծեծի ենթարկելու, ինքնին անհեթեթ է»:
Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է միջադեպը և արգելել Թուրքիային որոշ զինատեսակների վաճառքը: Միացյալ Նահանգները նաեւ պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցների: