Մարկ Վարդանյանին ԱՄՆ-ում 5 տարվա ազատազրկման են դատապարտել. նրա ստեղծած վիրուսը 500 միլիոն դոլարի վնաս է հասցրել
ՌԴ քաղաքացի Մարկ Վարդանյանին 5 տարվա ազատազրկման են դատապարտել ԱՄՆ-ում համակարգչային վիրուսի ստեղծման և խարդախության համար: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Դատավճիռը կայացրել է Ատլանտայի դատարանը: Այս տարվա մարտ ամսին Մարկ Վարդանյանին մեղավոր էին ճանաչել կիբերհարձակումների գործով:
Դատարանի որոշման համաձայն` Մարկ Վարդանյանը մեղավոր է այնպիսի համակարգչային վիրուս տարածելու համար, որի նպատակն է եղել անձնական և ֆինանսական տեղեկատվություն կորզելը: Հետաքննության արդյունքներով՝ վիրուսի հասցրած վնասի չափը կազմում է 500 մլն դոլար:
Մարկ Վարդանյանը բանտում կմնա ևս երեք տարի: Նրա պատժից կհանվեն Նորվեգիայի բանտում անցկացրած երկու տարին, որտեղից նրան անցյալ տարվա դեկտեմբերին արտահանձնել էին ԱՄՆ: