Ձերբակալվել է Սաուդյան Արաբիայում կիսաշրջազգեստով շրջած կինը
Սաուդյան Արաբիայում Հուլուդ անունով մոդելը ձերբակալվել է նախօրեին երկրի պատմական Ուշայքիրի տարածքում կարճ կիսաշրջազգեստով և տոպով շրջելու համար: Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը:
Հուլուդը չի ժխտում, որ զբոսանքը եղել է, սակայն պնդում է, որ հոլովակը «Snapchat» սոցիալական ցանցում են տեղադրել առանց իր գիտության:
Միևնույն ժամանակ մոդելը հայտնել է, որ զբոսանքի ժամանակ իրեն ուղեկցել է տղամարդ հարազատը, ինչը համապատասխանում է Սաուդյան Արաբիայի օրենքներին:
«Այն, որ Սաուդյան Արաբիան շարունակում է հետապնդել կանանց հագուստի ընտրության համար, խոսում է այն մասին, որ իշխանությունները ոչ մի կողմ չեն շարժվել իրենց պատերնալիստական և խտրական հայացքներից»,- ասել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության՝ Մերձավոր Արևելքի հարցով տնօրեն Սառա Լի Ուիսթոնը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաուդյան Արաբիայում կարճ կիսաշրջազգեստով կինն իսկական իրարանցում է առաջացրել: