Երևանում ավտոկայանատեղի SMS-ով վճարի դեպքում սահմանվում է միայն 2 դրամ արտոնյալ վճար
մայրաքաղաքում ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության միջոցով գանձվող գումարի հնարավոր փոփոխության մտահոգությունների հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ:
«Ինչպես գիտեք, Երեւան քաղաքում ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության միջոցով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքում ծառայություն մատուցող բջջային օպերատորների եւ գործընթացին առնչվող կողմերի շրջանում։
Խնդրի կարգավորման ուղղությամբ քննարկումներ մեկնարկեցին գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի ու կառույցների միջեւ՝ փոխգործակցության միջոցով հնարավոր լուծումներ գտնելու համար։
Համատեղ աշխատանքների արդյունքում ուրախ ենք արձանագրել, որ կողմերի պատրաստակամության շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետ լուծում գտնել։ Ստեղծվեց հատուկ ձեւաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը եւ ս. թ. օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 (երկու) ՀՀ դրամ արտոնյալ վճար։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձեւաչափն ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում, սակայն այն հասցրել էր հարմարավետ գործիք դառնալ, եւ գործընթացում ներգրավված կողմերն իրենց առջեւ խնդիր էին դրել պահպանել այդ հարմարավետությունը։ Միաժամանակ մենք շարունակելու ենք խրախուսել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով վճարումների իրականացումը:
Շնորհակալություն ենք հայտնում այս գործընթացում ներգրավված կողմերին բարի կամքի եւ պատրաստակամության համար։ Ուրախ ենք արձանագրել, որ համայնք-մասնավոր համագործակցությունը շարունակում է դրական փոփոխություններ արձանագրել»։