Հայազգի հաջողակ իրավաբանն ԱՄՆ-ում դատավոր է նշանակվել
Հայազգի Բրյուս Մելիքյանը նշանակվել է Արևմտյան Մասաչուսեթսի շրջանային դատավոր: Այս մասին հայտնում է «MassLive»-ը:
«Մելիքյանի նշանակման մասին համապատասխան հրամանագիրը ստորագրվել է Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Չառլի Բեյքերի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Իր փաստաբանական 33-ամյա կարիերայի ընթացքում Մելիքյանը դարձել է ԱՄՆ վերոնշյալ նահանգի ամենապահանջված մասնագետներից մեկն ու վարել Մասաչուսեթսի ամենաաղմկահարույց դատական գործերը:
Բրյուս Մելիքյանը Մասաչուսեթսի Սփրինգֆիլդ քաղաքի հեղինակավոր մասնավոր Իրավաբանական դպրոցի շրջանավարտ է:
Փաստաբանական գործունեությունն սկսել է 1983 թվականից, իսկ 1990-ականների սկզբին հիմնել է իր իրավաբանական գրասենյակը:
Մելիքյանը մասնագիտացած է ընտանեկան իրավունքի մեջ և զբաղեցնում է Արևմտյան Մասսաչուսեթսի ամենապահանջված փաստաբանների վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականները: