Ահաբեկիչների կանայք պատմել են «ԻՊ»-ի կարգուկանոնի մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները փորձում են պահել րենց «մայրաքաղաքը» Սիրիայում՝ Ռաքքան, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ կատաղի կռիվներ են ընթանում: Վերջին ժամանակներս քաղաքից կարողացել են դուրս գալ հարյուրավոր բնակիչներ: Նրանց թվում նաև ահաբեկիչների ձեռքն ընկած գերիների կամ սպանված ահաբեկիչների կանայք են եղել: «RT»-ին հաջողվել է խոսել այդ կանանցից մի քանիսի հետ, ովքեր պատմել են բռնությունների և տանջանքների մասին, որոնց միջով անցել են:
Կանանցից շատերն արտասահմանցիներ են, ովքեր այժմ, հնարավորություն ձեռք բերելով ահաբեկիչների վերահսկողությունից դուրս գալու, փորձում են վերադառնալ հայրենիք: Նրանց խոսքով՝ երկար ժամանակ նրանք ահաբեկիչների օրինական կանայք են եղել, այլ ոչ թե «սեքս-ջիհադիստներ», ինչպես բնորոշում են շատ ԶԼՄ-ներ:
«Ոչ մի «սեքս ջիհադ»: Ամեն ինչ օրենքով, գնում ես քաղաքապետարան և ամուսնանում: Եթե քո ամուսնուն սպանել են, պարզապես ամուսնանում ես ուրիշի հետ՝ բարեկամների համաձայնությամբ և վկաների ներկայությամբ»,- «RT»-ին պատմել է Հադիջա անունով աղջիկը:
Նա նշել է, որ ծնունդով Թունիսից է, դրա համար, երբ սպանել են իր ամուսնուն, իր մայրը հորդորել է տուն վերադառնալ, սակայն տեղի բնակչուհիներն առաջարկել են կրկին ամուսնանալ: «Նրանք ասացին՝ այստեղ մի հաշմանդամ իրեն կին է փնտրում, մի՞թե ամուսին չես ցանկանում: Եվ ես համաձայնեցի»,- նշել է նա: