Թուրքիայում «Քուրդիստան» և «Հայոց ցեղասպանություն» եզրույթներն օգտագործող պատգամավորները կտուգանվեն. Մուշեղ Խուդավերդյան
«Համաձայն նոր օրինագծի՝ «Քուրդիստան» և «Հայոց ցեղասպանություն» եզրույթներն օգտագործող պատգամավորները կտուգանվեն աշխատավարձի երկու երրորդի չափով և առժամանակ զրկված կլինեն նիստերին մասնակցելու հնարավորությունից»,- այսօր՝ հուլիսի 15-ին, լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Նրա խոսքերով՝ վերջին ամիսներին թուրք-քրդական բախումներն ավելի են սրվել:
«Պատճառն այն է, որ քրդական կուսակցությունը մշտապես շահարկում է «Քուրդիստան» տերմինը: Թուրք ազգայնականների համար մեկ այլ խնդիր է հայազգի պատգամավորներների կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրութի օգտագործումը: Այդ է պատճառը, որ թուրքական խորհրդարանը որոշում է կայացել երկու եզրույթներն օգտագործելն արգելող օրինագիծ մշակել»,- ասաց թուրքագետը և հավելեց. «Օրինագիծը լիովին մշակված է և շուտով մուտք կգործի թուրքական խորհրդարան: Եվրոպական կառույցներն արդեն իսկ արձագանքել են օրինագծին՝ նշելով, որ այն մի քանի քայլ հետ է ժողովրդավարական նորմերից, հետևապես մեծապես կվնասի Թուրքիա-ԵՄ հարաբերություններին»:
Իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն իր հերթին նկատեց, որ թուրքական մեջլիսի մշակած օրինագիծը քաղաքական պայքար է փոքրամասնությունների անկախության դեմ, ինչն անխուսափելիորեն բերելու է քննադատությունների և հակազդեցության՝ անգամ Թուրքիայի ներսում:
«ԵՄ-ն բնականաբար դեմ կլինի այս նախագծին: Մնում է հուսալ, որ հազարավոր մտավորականներ այս օրինագծի հիման վրա բանտեր չեն նետվի, ինչպես եղել է մինչ այժմ՝ թուրքական ինքնությունը «վիրավորելու» կամ պատմական ինչ-ինչ դրվագներ կասկածի տակ առնելու պատճառով»,- նկատեց Արա Ղազարյանը: